Կիլիկյան Հայաստանի գրեթե երեքհարյուրամյա գոյության ընթացքում (1080– 1375) Հայոց հոգևոր և աշխարհիկ իշխանությունները գործուն դիվանագիտական, հոգևոր-քաղաքական և առևտրական նամակագրական կապեր են ունեցել տարածաշրջանի պետությունների մեծ մասի՝ Բյուզանդական կայսրության և նրա ժառանգների՝ Նիկիայի և Տրապիզոնի կայսրությունների, Վրաստանի, Հռոմի պապության, Գերմանիայի և Ֆրանսիայի, Միջերկրական և Սև ծովերի առևտրական պետությունների, Խաչակրաց պետությունների, Մոսուլի աթաբեկության, Իկոնիայի, Այյուբյան և Մամլուքյան սուլթանությունների, Դանիշմանյան և Արտուքյան ամիրայությունների, Հալեպի աթաբեկության, ինչպես նաև Իրանի մոնղոլական Իլխանության, Կարամանյան ամիրայության և հիշատակված պետական միավորումները ներկայացնող զանազան գործիչների հետ։ Սույն գրքի հեղինակների նպատակն է եղել՝ հետազոտել Կիլիկիայի Հայոց պետության իշխանության և թագավորության շրջանին վերաբերող արժեքավոր տեղեկություններ հաղորդող եկեղեցական և քաղաքական վավերագրերն ու սկզբնաղբյուրները, մանրամասն պատմաքննական վերլուծության ենթարկել մեզ հասած այլալեզու վավերագրերը, հետազոտել առանձին նոտարական գրասենյակներից դուրս եկած վավերագրերի բանաձևային համակարգերը և պահպանված բնագրերում օգտագործվող եզրութաբանությունը, հայոց հայրապետների և միապետների հետ պաշտոնական գրագրության մեջ օգտագործված տիտղոսները և պատվանունները, լուծել առանձին փաստաթղթերի թվագրման, իսկության և վավերականության, խնդիրները, հարևան երկրների ինքնակալների հետ հարաբերություններում օգտագործված դիվանագիտական ընծաների և դեսպանընկալության արարողակարգերի մասին սկզբնաղբյուրային տեղեկությունները։ Կոլեկտիվ հետազոտությունը նախատեսված է հայագետների, արևելագետների, միջնադարագետների, աղբյուրագետների և Կիլիկյան Հայաստանի պատմությամբ հետաքրքրվողների համար։