Ավօ Գաթրճեանի «Սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1912-2026)» աշխատությունը մատենագիտական կարևորագույն նշանակություն ունի և ի հայտ է բերում սիրիահայ համայնքի ազգային, սոցիալական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին առնչվող կարևորագույն իրողությունները, առանց որի անհնար է պատկերացում կազմել Սիրիայի հայ համայնքի պատմության փոխակերպումները, հայկական ինքնության և հայապահպանության խնդիրները: Գիրքը նկարազարդ է, պարունակում է հրատարակությունների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների վերաբերյալ գրեթե բոլոր հիմնական տեղեկությունները: Ներկա աշխատանքը հեղինակի՝ տասնյակ տարիներ տևած հետազոտության և դաշտային աշխատանքի արդյունք է, որը կատարվել է հեղինակի տրամադրության տակ գտնվող փաստական նյութի, ինչպես նաև վերջինիս՝ Սիրիայի, Լիբանանի և Հայաստանի Հանրապետության տարբեր գրադարաններում և արխիվներում կատարված ուսումնասիրությունների հենքի վրա, այդ թվում՝ սիրիական պատերազմի (2011-ից մինչ օրս) շրջանում:
Մատենագիտական տեղեկատուն նպատակ ունի լույս սփռել սիրիահայ պարբերական մամուլի սկզբնավորման, հետագա զարգացման, մամուլի բովանդակային հարցերի վրա, այլ խոսքով՝ թղթին և պատմությանը հանձնել սիրիահայ մամուլի թե՛ հայտնի և թե՛ անհայտ էջերը՝ ցույց տալով պարբերականների ներքին խոհանոցը՝ թերթի կամ հանդեսի աշխատանքային գործընթացը սկզբից մինչև վերջ՝ հանդեսի կամ թերթի սեփականատիրոջից մինչև խմբագիրներ, թղթակիցներ, հոդվածագիրներ, աշխատակազմեր (վարչականներ, գրաշարներ, սրբագրիչներ, էջադրողներ, առաքիչներ և այլն): Տեղեկատուն, ներկայացնելով տվյալ թերթը կամ հանդեսը, փաստացի ներկայացնում է գործընթացի ամբողջ շղթան և մամուլի համակարգն իր բոլոր մանրամասնություններով, որը ժամանակի ընթացքում, բնականաբար, բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել: Տեղեկատուի նպատակն է՝ ցույց տալ հայ մամուլի կյանքը Սիրիայում՝ արաբա-մուսուլմանական միջավայրում՝ որպես կենդանի օրգանիզմ: Սիրիահայ պարբերական մամուլի ներկա մատենագիտության հեղինակը, հիմնվելով նախորդ ուսումնասիրությունների վրա, իր հերթին ստեղծել է մի կարևոր հենք, որը կնպաստի այս բնագավառում հետագա հետազոտությունների իրականացմանն ու նոր ուսումնասիրությունների զարգացմանը: