Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը (ք.ծ.ա. 12-3-րդ հազարամյակի առաջին կես)» խորագրով մենագրությունը:
Հակոբ Երվանդի Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» պատկերազարդ մենագրությունը նվիրված է մեզոլիթ-վաղ բրոնզի դարի շուրջ մեկ բյուր ժամանակաշրջան ընդգրկող Հայաստանի հնագույն արվեստի մեզ հասած բոլոր բնագավառներին՝ քարանձավային գեղանկարչությանը, ժայռապատկերային արվեստին, մեգալիթյան կոթողներին, ճարտարապետությանը, քանդակին, կավանոթների զարդարվեստին, թրծակավե և քարե պլաստիկային, գեղարվեստական մետաղագործությանը, ոսկերչական արվեստին և այլն:
Հայաստանի հնագույն արվեստի՝ Ք.ծ.ա. 12-3-րդ հազարամյակների, համապարփակ և անխզելի բնույթն արտացոլելու նկատառումներից ելնելով՝ մենագրության առանձին գլուխները շարադրել ենք ըստ իրարահաջորդ պատմական շրջափուլերի, որոնք էլ իրենց հերթին տրոհել ենք տարբեր բնագավառներ ներառող ենթաբաժինների: Թեմաների այսպիսի ներկայացումը, մեր կարծիքով, հնարավորություն է ընձեռում ցուցադրելու արվեստի զարգացման ընթացքն՝ իր ամբողջ հարստությամբ և զարգացման ելևէջներով:
Հայկական լեռնաշխարհում հազարմայակների հոլովույթում ծագել և զարգացել են բազմաթիվ ինքնատիպ, մեկը մյուսին լրացնող արվեստի ուղղություններ: Դրանց, մասնավորապես հնագույն արվեստի մասին չափազանց քիչ են գիտական հոդվածները և ընդհանրացող աշխատությունները: Այս բացը լրացնելուն է միտված ներկայացվող մենագրությունը:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/newbooksview.php?id=67&cid=4&arch=&langid=1