Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Գևորգ Մ.Ղուկասյանի «Եվրոպայի հայկական լոբբին. էթնիկ լոբբինգի էությունը և գործառնման համատեքստը» խորագրով մենագրությունը:
Աշխատության նպատակն է վեր հանել էթնիկ լոբբինգի անդրազգային քաղաքական դերակատարությունը արդի քաղաքական գործընթացներում, գնահատել Եվրոպայի հայկական լոբբիի կառուցվածքա-գործառնական հնարավորությունները, գործունեության առանձնահատկությունները, նույնականացնել լոբբիստական սուբյեկտները և հասկանալ դրանց ազդեցության շրջանակն ու ՀՀ-ԵՄ հարաբերություններում դերակատարության հնարավորությունը: Գնահատվել է էթնիկ լոբբինգի ինստիտուտի դերը քաղաքական արդիականացման գործընթացում:
Միաժամանակ դիտարկվել են էթնիկ լոբբինգի հնարավորությունները՝ հանդես գալու իբրև «փափուկ ուժի» գործառնող, բացահայտվել են մուլտիկուլտուրալիզմի արժեհամակարգային պայմաններում լոբբինգի դրսևորման հնարավորությունները, համակարգային հատկորոշման է ենթարկվել «հայրենիք-սփյուռք-ընդունող պետություն» եռանկյունու փոխգործակցության և փոխազդեցության շղթան: Նույնականացվել են Եվրոպայի հայկական սփյուռքի լոբբիստական կառույցները և նրանց գործունեության հիմնական ուղղություններն ու գործիքակազմերը, բացահայտվել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ԵՄ քաղաքական վարքը:
Վերլուծվել են էթնիկ լոբբինգի ներեվրոպական ընկալումը, լոբբինգի և դրա տարատեսակ էթնիկ լոբբինգի ինստիտուցիոնալ և օրենսդրական հնարավորությունները ԵՄ-ում:
Մենագրությունը նախատեսված է քաղաքագետների, պատմաբանների, հայագետների, կառավարող ընտրանու, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև ընթերցասեր լայն հանրության համար:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/newbooksview.php?id=68&cid=4&langid=1