ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթ։
Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
- հայագիտական հիմնարար աշխատությունների հրատարակություններ,
- հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հրատապ և կարևոր աշխատությունների հրատարակություններ,
- հայկական ինքնությանը վերաբերող աշխատությունների հրատարակություններ,
- Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության իրողությունների և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը նպաստող օտարալեզու ուսումնասիրությունների հրատարակություններ,
- Արցախի պատմության, մշակույթի և արդի փուլի իրադարձությունների վերաբերյալ աշխատությունների հրատարակություններ,
- հայոց պատմության կեղծարարությանը, հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված աշխատությունների հրատարակություններ:
Մրցույթին պետք է ներկայացվեն հրատարակության պատրաստ աշխատություններ։
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- հոդվածների և փաստաթղթերի ժողովածուներ,
- գիտաժողովի նյութերի ժողովածուներ,
- գիտական հանդեսների (պարբերականների) համարներ,
- Հիմնադրամի նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 21-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։
Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 21.10.2024 թ.,
- թղթային տարբերակով՝ մինչև 28.10.2024 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված թեմաներից դուրս հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Դրական կարծիքի դեպքում Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:
Մրցույթի արդյունքները հայտատուներն իրենց հայտի մասով կարող են բողոքարկել արդյունքների հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2024 թ. նոյեմբերի վերջին:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-18:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/materials.php?cid=36&arch=&langid=1
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ