ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կողմից հայագիտական հրատարակությունների իրականացման և միջոցառումների անցկացման համար դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը աջակցում է հայագիտական կարևորագույն ծրագրերի իրականացմանը, հայագիտական գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպմանը, հայագիտական հիմնարար և արդիական հետազոտությունների հրատարակությանը, թարգմանություններին և հանրահռչակմանը։
2023թ. Հիմնադրամը նախատեսում է հայագիտական հիմնարար և արդիական աշխատությունների հրատարակությունների և թարգմանությունների ֆինանսավորում հետևյալ ուղղություններով՝
- հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հիմնարար ուսումնասիրություններ,
- Արցախի պատմության, մշակույթի արդի փուլի իրադարձությունների ուսումնասիրություններ,
- հայոց պատմության կեղծարարության և հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված ուսումնասիրություններ,
- հայկական ինքնության ուսումնասիրություններ։
Նախատեսվում է նաև հայագիտական բնույթի միջոցառումների կազմակերպման ֆինանսավորում հետևյալ ուղղություններով՝
- հայագիտական կադրերի պատրաստմանն ուղղված ամառային դպրոցների կազմակերպում,
- գիտաժողովների և կլոր սեղանների անցկացում։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության և ծրագրերի իրականացման համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. մարտի 1-ը hիմնադրամի էլ. հասցեին (info@haygithimnadram.am) ուղարկեն համապատասխան հայտեր՝ հաստատված գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից։
Հետազոտության հրատարակության համար դրամաշնորհի հայտում պետք է ներկայացնել հետազոտության արդիականությունը, գիտական նորույթը, համառոտ բովանդակությունը, արդյունքները, դրանց կիրառելիությունը (եթե նման հնարավորություն կա), հրատարակության հնարավորինս ճշգրիտ ժամկետը։ Պետք է ներկայացվեն նաև ակնկալվող ֆինանսավորման չափը և հրատարակության հիմնական չափանիշները (կազմը, նկարների առկայությունը, թղթի որակը և այլն), ինչպես նաև երկու մասնագիտական կարծիք։
Հայագիտական բնույթի միջոցառումների իրականացման համար դրամաշնորհի հայտում պետք է ներկայացնել ծրագրի հրատապությունը, նպատակը, մասնավոր խնդիրները, համառոտ բովանդակությունը, արդյունքի ակնկալվող ձևը, իրականացման ժամկետը, ինչպես նաև նախատեսվող ֆինանսական ծախսերի ուղղություններն ու չափերը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` հեռ. +(374 93)720055
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ